Հայաստանի Մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 23-ին, խորհրդարանում իր երդմնակալության ժամանակ:
«Իմ խնդիրն է է՛լ ավելի բարձրացնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հղինակությունը: Նորից ուզում եմ հաստատել, որ պատրաստ եմ լիարժեք աշխատել բոլորի հետ՝ անկախ նրանից, թե ով է «կողմ» կամ «դեմ» քվեարկել»,- վստահեցրել է Թաթոյանը:
Հետո նա կարդացել է երդման տեքստը. «Ստանձնելով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, երդվում եմ հավատարիմ մնալ Սահմանադրությանը ու Հայաստանի Հանրապետության օրենքներին, հասարակության մեջ գոյակցման ու արդարության սկզբունքներին, պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ իմ լիազորությունները կկատարեմ անկողմնակալ, առավելագույն բարեխղճությամբ ու ջանասիրությամբ»:





























