Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը խոստացել է զբաղվել պատգամավորների կողմից բարձրացված քաղբանտարկյալների եւ Մարտի 1-ի հարցերով:

«Իհարկե, հնչեղություն ունեցող հարցեր էին պատգամավորների կողմից բարձրացված հարցերը, այո, դրանցով պետք է զբաղվել»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը:

NEWS.am-ի այն հարցին, թե արդյոք առաջիկայում այցելելու է Վարդգես Գասպարիին, Գեւորգ Սաֆարյանին, եւ իրենց պնդմամբ՝ քաղաքական հայացքների համար կալանավորվածներին նորընտիր ՄԻՊ-ը նշեց, որ դա նախատեսված է իր լիազորություններով, որը անհապաղ կիրականացնի: 

«Ով խնդիր ունի, դիմում կա, չկա ինչպես նախատեսված է լիազորություններում, այդպես էլ լինելու է: Նախնական ընտրության գործընթացում հայտարարել եմ, հիմա էլ եմ հայտարարում՝ անհապաղ սկսելու եմ իրականացնել բոլոր լիազորությունները: Սխալ կլինի, եթե ես այս պահին որեւէ ժամ եւ օր ասեմ, բայց այս հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում»,-նշեց նա:

Արման Թաթոյանը չցանկացավ առայժմ մեկնաբանել, թե արդյոք նրանք «քաղբանտարկյալներ» են, ինչպես պնդում են:

«Մարդու իրավունքների պաշտպանի օրենքի համաձայն՝ կա հատուկ ընթացակարգ, երբ պաշտպանը հնարավորություն ունի հայտարարություն-գնահատական անելու, իսկ դրա համար պետք է դեպքը ուսումնասիրվի, նոր գնահատական տրվի»,-ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը վստահեցրեց, որ առաջադրված հարցերն իր համար առաջնահերթ են ու կարեւոր, բայց ինքը յուրաքանչյուրի առաջնահերթությունը հասկանալու համար պետք է նախ ծանոթանա դրանց: