ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից փետրվարի 19-ին լրագրողներին նախիր անվանելու ու  հայհոյելու երեւույթը լրագրողական ինստիտուտի վարկաբեկման փորձ է: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, Մհեր Սեդրակյանին պատժելու պահանջով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող լրագրողներին ասաց հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը:

«Եթե առաջին նախագահի օրոք փորձում էին ճնշել, ծեծել լրագրողներին, մտնում էին խմբագրություններ, ջարդում, երկրորդ նախագահի օրոք փակում էին  խմբագրությունները, եթերազրկում,  ապա հիմա արդեն վերահսկողությունն իրենց ձեռքից կամաց կորցնում են, քանի որ կա ինտերնետ: Դա շատ ծանր բան է նրանց համար, այդ պատճառով նրանք ջղաձգվում են»,- ասաց Արմեն Դուլյանը:

Արմեն Դուլյանի խոսքով՝ այժմ փորձում են վարկաբեկել եւ հեղինակազրկել մամուլի ինստիտուտն այնպես, ինչպես ժամանակին ընտրությունների, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Նրա կարծիքով՝ սա լուրջ հետեւանքներ կարող է ունենալ հասարակության վրա: 

«Ինչպես որ ընտրություններին հիմա այլեւս որեւէ մեկ չի հավատում, այնպես էլ լրագրողներին չեն հավատա: Փորձում են լրագրողներին նսեմացնել, վարկաբեկել, ցույց տալ, որ նրանք սուտասաններ են, նրանց հետ կարելի է ինչ ձեւով ասես վարվել. սա է մտահոգիչը»,- նշեց Արմեն Դուլյանը:

Նշենք, որ լրագրողների՝ Մհեր Սեդրակյանին պատժելու պահանջով ստորագրահավաքին  միացել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյան, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը եւ քաղաքացիական ակտիվիստներ: Լրագրողները կդիմեն էթիկայի հանձնաժողով:

Փետրվարի 19-ին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է: