ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի համար մեծ հնարավորություն է ստեղծում ընտրությունների ընթացքում բավարար ձայներ ստանալու համար:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

«Կարծում եմ, որ Դաշնակցությունն իր շահերից ելենելով`  շատ ճիշտ որոշում է  կայացրել: Այս քայլը օգտակար է նաեւ այն քաղաքական ուժերի համար, որոնք ունեն այնպիսի գաղափարներ, որի դաշտում փորձում էր գործել նաեւ Դաշնակցությունը: Սա  մեծ հնարավորություն էր մեզ համար, քանի որ մի մրցակից խաղից դուրս եկավ: Այսուհետ, ընդդիմադիր դաշտում ավելի հեշտ կկարողանանք ձայներ ստանալ, այս առումով անգամ մի քիչ էլ շնորհակալ են ՀՅԴ-ին: Նրանք  հայտարարեցին իշխանությունների հետ համագործակցելու մասին եւ այլեւս ձեւեր չեն թափում, թե ընդդիմադիր ուժ են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ–ն արդեն երկու անգամ կոալիցիոն իշխանության մաս է կազմել` Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003թ. եւ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո` 2008թ.։ Վերջինից ՀՅԴ–ն դուրս եկավ` պատճառաբանելով, թե դեմ են Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը` մասնավորապես, հայ-թուրքական արձանագրություններին: