Նավթի հումքի վաճառքից ստացված բարձր եկամուտները նավթ արդյունահանող որոշ երկրների թույլ էր տալիս պոպուլիստական քաղաքականություն վարել: Երբեմն բանը հասնում էր անգամ աբսուրդի: Այսպես, Վենեսուելայում բենզինի մեկ լիտրը, դրամական արտահայտությամբ, արժեր 10 դրամից էլ պակաս (!)՝ պետական դոտացիայի հաշվին: Սակայն նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով (որն ապահովում է այդ երկրի արտահանման ավելի քան 90%-ը) Վենեսուելայի կառավարությունը բավական ծանր դրության մեջ հայտնվեց: Օրինակ՝ պարենամթերքի հետ կապված իրավիճակը հասավ ծայրահեղ կետի, քանի որ դրանց ներկրման համար գումար չի բավականացնում:
Խնդիրը, իհարկե, դյուրին չէ Վենեսուելայի համար: Եվ ինչ-որ առումով՝ նման Ռուսաստանում տիրող իրավիճակին: Այնտեղ բենզինը չափազանց թանկ է նավթ արդյունահանող երկրի համար: Ընդ որում, այն շարունակում է թանկանալ անգամ համաշխարհային շուկայում նավթի գների անկման դեպքում: Սակայն Հայաստանի համար, ռուսական բենզինից բացի, ավելի ծանր հետեւանքներ կան:
Ինչպես էլ վերաբերվենք աշխատանքային միգրացիային, փաստը մնում է փաստ. «ռուսական» դրամական փոխանցումները, բարձրացնելով բնակչության դրամական եկամուտները, կարեւոր գործոն են մեր տնտեսության զարգացման համար: Նկատենք, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների շարունակվող անկումն արդեն բացասաբար է ազդել ինչպես մեր հանրության մի մասի բարեկեցության, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ոլորտների վրա:
Հինգ տարի առաջ, երբ նավթի համաշխարհային գները համեմատաբար բարձր էին, նավթի եւ գազի վաճառքից Ռուսաստանի դաշնային բյուջեի եկամուտների մասնաբաժինը կեսից ավելին էր: Իսկ հիմա, չնայած ռուսաստանցի որոշ մասնագետներ պնդում են, որ Ռուսաստանը գլուխ կհանի նավթի արտահանումից ստացված եկամուտների կրճատումից, երկրում ճգնաժամային երեւույթներն աճում են:
Հիմա նավթ արդյունահանող մի շարք երկրներ (այդ թվում՝ Ռուսաստանը եւ ՕՊԵԿ-ի առանձին անդամներ) ձգտում են արդյունահանման սառեցման մասին համաձայնագրով գոնե զսպել գների անկումը: Եվ, ինչու չէ, նաեւ ստիպել դրանց վեր «սողալ»: Սակայն սպեկուլյացիները (որոնք «ֆյուչերս» են կոչում) համաշխարհային շուկայում իրենց տրամաբանությունն ունեն:
Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում «ֆյուչերսները»: Առք ու վաճառքի սովորական գործարքից (երբ գնորդն անմիջապես վճարում եւ գնում է ապրանքը) ֆյուչերսները տարբերվում են վճարման եւ ապրանքի մատակարարման ժամկետի հետաձգմամբ: Բայց ինչպիսին կլինեն շուկայում փաստացի գները գնման պահին, միայն Աստված գիտի: Այսինքն ֆյուչերսն իր մեջ ռիսկի տարրեր է պարունակում գնորդի կամ վաճառողի համար:
Հաճախ նավթի գների ֆյուչերսների օրական տատանումները (ասենք՝ Brent տեսակի) որպես սենսացիա են ներկայացնում: Իսկ եթե դիտարկենք երկարաժամկետ հեռանկարում, ապա գների միտումը հստակ արտահայտված նվազման բնույթ ունի: Դա ներկայացված է գրաֆիկում, որը ներկայացնում է վերջին երկու տարիներին նավթի Brent տեսակի գների դինամիկան:




























