2016թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, փետրվարի 22-ից 23-ը ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի վարչության անձնակազմի ներգրավմամբ, տեղի են ունեցել մարտավարաշարային պարապմունքներ:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված միջոցառումների ընթացքում ՊԲ-ի խորացված հրամանատարական կետում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացվել են մարզումներ, որոնց ժամանակ իրենց առջեւ դրված խնդիրների եւ դրանցից բխող հավանական զորգացումների վերաբերյալ զեկույցներով եւ առաջարկություններով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, մարտական ապահովման բաժինների եւ ծառայությունների պետերը:
Իրականացված մարտավարաշարային պարապմունքների արդյունքում պարզորոշվել է, որ ինչպես միավորումներն ու զորամասերը, այնպես էլ բանակի ղեկավարման համակարգը ունակ են ժամանակին եւ համարժեք արձագանքելու իրավիճակային փոփոխություններին եւ ապահովել մեր երկրի անվտանգությունը:





























