Փետրվարի 22-ին երեկոյան Ախուրյան գետն ընկած տղամարդու վիճակը բավարար է, նա առաջին բուժօգնություն է ստացել եւ տուն գնացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ամասիայի բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր տուժածը:
«Ձուկ որսալու էին գնացել, ոտքը սայթաքել էր եւ ընկել գետը: Ընկերները հանել էին գետից, ապա կանչել փրկարարներին եւ «Շտապօգնության» աշխատակիցներին: Ճանապարհն այնպիսին էր, որ հնարավոր չէր մեքենայով հասնել, փրկարարները ստիպված 5 կմ ոտքով գնացել են եւ տուժածին բերել «Շտապօգնության» մեքենային»,- հայտնեցին հիվանդանոցից:
Տղամարդը մոտ 1 ժամ ԲԿ-ում մնալուց հետո գնացել է տուն:
Հիշեցնենք, որ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 22-ին ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ 65-ամյա Մ. Վ.-ն անզգուշության հետեւանքով ընկել է Ախուրյան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մ. Վ.-ը գետից դուրս է բերվել տեղի ուժերով, վերջինս ցրտահարվել է: Նրան տեղափոխել են Ամասիայի բժշկական կենտրոն:




























