Ժամանակին հասկանալի պատճառով տարածում գտած «տրանսլիտ» երեւույթը դրա պատճառների վերացումից հետո էլ պահպանեց իր գոյությունը։ Այդ մասին ԱԺ ամբիոնից ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Ելույթս ցանկանում եմ նվիրել մեր օրերում ահագնացող ու վտանգավոր չափերի հասնող մի արատավոր երեւույթի, ինչպիսին է համացանցում ու, որ ամենավտանգավորն է, արդեն դրանից դուրս հայատառ հայերենի դիրքերի զիջմանը անհասկանալի ու օտարոտի այլատառ գրվածքին, կամ ինչպես դրան անվանում են այսօր՝ տրանսլիտին։ Ժամանակին հասկանալի պատճառով տարածում գտած այս երեւույթը դրա պատճառների վերացումից հետո էլ պահպանեց իր գոյությունը։ Ավելին, նկատել եմ հատկապես երիտասարդների ու երեխաների կողմից գրվող ոչ համակարգչային տեքստերում դրա կիրառման խիստ վտանգավոր միտում։ Այսինքն՝ Հայաստանում կրթություն ստացած երեխան, երիտասարդը թղթի վրա գրիչով երկտող շարադրելիս հաճախ նախապատվությունը տալիս է հենց տրանսլիտին, քանի որ սա է սոցիալական ցանցերում իր արտահայտման, շփման ձեւը»,- նշել է նա։

Ըստ պատգամավորի, այս երեւույթի «արդարացման» համար հաճախ բերվող փաստարկները, կապված ինչեւինչ տեխնիկական սահմանափակումների, հայերեն ստեղնաշարների ու տառատեսակների անհասանելիության հետ, այլեւս կիրառելի չեն ու հենց այստեղ եմ տեսնում հիմնական վտանգը։ «Ստացվում է, որ այլատառ գրելը այլեւս տեխնիկական սահմանափակման արգասիք չէ, այլ վերածվում է մնայուն մշակույթի, դառնում առօրյա երեւույթ։

Ասելիքս այն է, որ մեր երկրի առջեւ ծառացած մեզ հայտնի մարտահրավերներին ու խնդիրներին պետք է ավելացնել, ցավոք, նաեւ համացանցում հայերեն այբուբենի պաշտպանության հարցը:

Ընդհանրապես համացանցում լատինատառ տեքստի տարածան հետեւանքով նմանատիպ խնդիրներ եղել են շատ այլ երկրներում էլ, որոնց հաջող փորձը կարելի է ուսումնասիրել եւ կիրառել։

Որպես համացանցում քննարկվող արդյունավետ լուծումներից կուզենայի նշել առնվազն պետական միջոցներով ձեռք բերվող համակարգիչների նկատմամբ ներկայացվող ստանդարտներում հայերեն ստեղնաշարի այս կամ այն շարվածքի (դրա ընտրությունը թող մասնագետները որոշեն) պարտադիր ներկայացվածության նկատմամբ պահանջը, ինչը հետագայում կարելի է տարածել ընդհանրապես հայաստանյան շուկա մտնող համակարգիչների վրա։

Գուցե անհրաժեշտություն կա նաեւ դպրոցներում աշակերտներին հայկական ստեղնաշարերով տեքստեր հավաքել սովորեցնելու պարտադիր ծրագիր ներառելով։

Ինչեւէ, ճիշտ լուծումներ առաջարկելը մասնագետների հարցն է, իմ կարծիքով այս փուլում էականը հարցի կարեւորության ընդունումն է ու դրան հրատապ լուծում տալու կամքը»,- նկատել է նա։