Սոցիալական համացանցից օգտվելիս երեխայի մոտ առաջանում է էլեկտրոնային կախվածություն, որի հետեւանքով երեխան եւ հոգեբանական, եւ զգացմունքային տեսանկյունից տուժում է: Այս մասին այսօր` փետրվարի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

«Երեխաները, երբ արդեն մեծանում եւ ինքնուրույնություն են ձեռք բերում,  տիրապետում են համակարգչին եւ նրանց մոտ շփման, ակտիվ լինելու անհրաժեշտություն է առաջանում, սկսում են սոցիալական համացանցից օգտվել, որն էլ հանգեցնում է հոգեբանական կախվածության: Էլեկտրոնային կախվածությունը երեխայի համար կարող է այնքան հրապուրիչ լինել, որ նա չուզենա մարդկանց հետ առօրյայում շփվել, որի հետեւանքով երեխան զգացմունքային, հոգեբանկաան տեսանկյունից տուժում է, քանի որ վիրտուալ շփումը թույլ չի տալիս արտահայտել այն էմոցիան, որը կարող էր արահայտել ներանձնային շփման ժամանակ, այսինքն տուժում է երեխայի հուզակամային զարգուցումը»,-ասաց նա:

Հոգեբանը նշեց, որ համակարգչային խաղերն ու համացանցը ավելի շատ վնաս են տալիս երեխաներին, քան օգուտ: Նրա խոսքով, համակարգչային խաղերը ազդում են երեխայի հոգեբանության վրա, նրանց մոտ առաջանում է գերլարվածություն, որն էլ հանգեցնում է ագրեսիայի:

«Օրինակ, երբ երեխան համակարգչային խաղ է խաղում եւ ուզում է հաղթած լինել համակարգչային խաղի հերոսին, կամ էլ իր հերոսներից մեկին կրակում են, կամ ծեծում` նրա մոտ գերլարվածություն է առաջանում, ագրեսիա եւ երեխան այդ լարվածությունը, եթե պարպելու ուրիշ տեղ չի ունենում` այն պարպում է դրսում` դպրոցում, մանկապարտեզում»,-ասաց Մարինե Մարտիրոսյանը: