«Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանի՝ ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու եւ հասարակական կարգը խախտելու գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ իրեն այսօր ծանոթացրել են գործի նյութերին:
«Նախաքննությունն ավարտվել է եւ գործը շուտով մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Ըստ մեղադրանքի՝ ես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել. այն է՝ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով, դրանով իսկ սեփական անձի ենթադրյալ առավելություն ընդգծելով դեկտեմբերի 10-ին ժամը 01։30-ի սահմաններում իմ կողմից պատրաստված ստվարաթղթե հրասայլով դիտավորությամբ հարվածել եմ Նալբանդյան 104 հասցեյում գտնվող ԱԱԾ վարջական շենքի երկաթե դարպասներին և կոպիտ կերպով խախտել եմ հասարակական կարգը: Այս կերպ խախտել եմ ԱԱԾ շենքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների բնականոն գործունեությունը և նրանց մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում առաջացրել»,- ասաց Արտակ Գեւորգյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն։
Նշենք, որ Արտակ Գեւորգյանի դեմ հարուցված մյուս քրեական գործը, որը վերաբերում է ՄԻՊ գրասենյակի դռները ներկելուն, կարճվել է:





























