ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 9/17 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ թիվ 9/17 ընտրատեղամասի ընտրողներ Ռենա Ստեփանյանցի եւ Տիգրան Մելիքյանի փոխարեն դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել են այլ անձինք։

Նախնական քննության համաձայն՝ նշված ընտրողների անունների դիմաց այլ անձանց անձնագրային տվյալներ է ներառել, ստորագրել եւ քվեարկել թիվ 9/17 տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար Հ.Հովհաննիսյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ հոդվածով։ 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: