Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը բողոքում է, որ Վճռաբեկ դատարանը անտարբերություն է ցուցաբերում ու թեեւ գործի վերաբացման վարույթ է սկսել, սակայն մեկ ամսից ավելի է՝ նիստ չի նշանակվում:

«Պետք է որ սեպտեմբերից հանձնված գործով արդեն իսկ ելքը վճռված լիներ: Բայց անտարբերություն ենք տեսնում գործի, մարդկանց նկատմամբ: Այնինչ դատարանը պետք է շտապողականություն ցուցաբերեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Փաստաբանը նշեց, որ ըստ կարգի, վճռաբեկ դատարանը պետք է բեկանի առաջին ատյանի դատարանի վճիռն ու փոփոխի այն, կամ ուղարկի գործը լրացուցիչ քննության:

Մինչ այդ, փաստաբանի խոսքով, դատապարտված կինը, որի պատժի կրման ժամկետը երեք տարուց է ավարտվում, սպասողական եւ հոգեբանական վատ վիճակում է: Նրա ամուսինն  ազատության մեջ է, նա ավարտել է պատժի կրումը:

Ամուսինները պնդում են, որ իրենք չեն սպանել 16-ամյա Սյուզաննային եւ իրենց դատապարտել են ծեծով ու խոշտանգումներով վերցրած ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:

Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան  կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:

2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14,  Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում: