Երեւանի Ավան-Առինջ թաղամասի 82-ամյա բնակչին փետրվարի 22-ին մահացու գանգուղեղային վնասվածք հասցնելու մեջ կասկածվողը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Դեպքի առթիվ ` հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) և 175 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվածի հանգամանքները պարզվում են:

Ըստ shamshyan.com-ի՝մահացածի տուն է գնացել 20-ամյա ոմն Ա.Ժ.-ն իր մոր հետ: Երիտասարդը ծեծի է ենթարկել տարեց տղամարդուն, ապա նրան քարշ տվել զուգարան՝ իբրեւ թե տղամարդը այնտեղ հասնելու ճանապարհին մի քանի անգամ վայր է ընկել: Իր համար ալիբի ստեղծելուց հետո, Ա.Ժ.-ն բնակարանից իրեր է հափշտակել: Ոստիկանները որոնում են հափշտակված բջջայինը իրացրած մորը: