Հայաստանը համաձայնության է եկել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղրղզստանի հետ կաբոտաժային փոխադրումների շուրջ: Երեւանում անցկացվող հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը՝ հավելելով, որ Եվրասիական միության գործընկերների հետ համապատասխան Արձանագրությունն արդեն ստորագրվել է:

«Օրերս ես գործընկերոջս հետ քննարկել են կաբոտաժային թույլտվության քվոտաների հարցերը: Բելառուսական կողմի հետ արդեն համաձայնություն կա 2016 թվականի շուրջ 100 թույլտվության համար: Ամենայն հավանականությամբ, նույնքան թույլտվություն էլ մենք կտրամադրենք»,- հայտնեց Մելքոնյանը:

Հավանաբար, նույն քանակությամբ փոխանակում կլինի Ռուսաստանի հետ, դրա կեսի չափով էլ՝ Ղրղզստանի: ԵՏՄ կաբոտաժային ծրագրի առաջին երկու փուլերին դեռեւս չի մասնակցում Ղազախստանը:

Հիմա, բեռը հասցնելով Ռուսաստանում նախատեսված վայր, հայ վարորդները կարող են եւս մեկ փոխադրում իրականացնել ՌԴ-ի ներսում: Դրա թույլտվությունը կգործի Ռուսաստանի հարավային շրջանների համար՝ Մոսկվայից դեպի վրացական սահման (Ռոստովի մարզ, Ստավրոպոլի երկրամաս, Հյուսիսային Օսիա): Բելառուսում թույլտվությունը կգործի արեւելյան շրջանների համար (Գոմելի, Վիտեբսկի, Մոգիլյովսկի), իսկ Ղրղզստանում՝ հյուսիսային շրջանների (Տալասի, Իսիկ Կուլի Չույսկի):

Մելքոնյանը հիշեցրեց, որ կաբոտաժային փոխադրումների փուլային ծրագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականը, ինչից հետո Եվրասիական միության բեռնափոխադրումների շուկան ամբողջությամբ կազատականացվի: