Խորթ հոր սպանության մեջ մեղադրվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով նշանակված կրկնակի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը ստացվել է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործով հերթական նիստը նշանակվել է մարտի 3-ին: Հենց այդ օրն էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի փորձաքննության եզրակացությունը:
Նշենք, որ 2015թ. հուլիսի 24-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, քանի որ նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալի փաստաբանը:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:
2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի եւ իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:
Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։





























