2017թ. խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ը կարող է իր տեղը զիջել այլ քաղաքական ուժի, քանի որ դժվար թե կարողանա վերականգնել իր քաղաքական կշիռը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Իշխանական թեւի մասով ամեն ինչ հայտնի է, լինելու է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցություն: Ընդդիմության մասով կզգուշանայի այս պահին կանխատեսումներ անել. Երկու սեգմենտի միջեւ կլինի պայքարը` որ քաղաքական ուժը կստանա արեւմտամետ քաղաքական ուժի տեղը, եւ որը կգրավի ԲՀԿ-ի տեղը»,- ընդգծել է քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով` ամենաթեժ պայքարը լինելու է հենց այն ոլորտում, որն այսօր զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան»-ը. «Այս ոլորտը ներկայացնում է խոշոր եւ միջին բիզնեսով զբաղվող մարդկանց մի մասը, որոնք բավարարված չեն ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակով, սակայն ունեն ռեսուրսներ` աշխատելու ԲՀկ-ի փոխարեն»:

Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, Սերգեյ Մինասյանը կարծում է, որ այս ուժը փորձում է դառնալ կոնստրուկտիվ ընդդիմություն, որի նպատակը կլինի տրոհել ընդդիմադիր դաշտը:

«Շարունակելու է սպոյլեր քաղաքական ուժ լինել»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 21-ին կայացած համագումարի ժամանակ հայտարարել է, որ ՕԵԿ-ը միանում է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հետ էլ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: