Այս պահին ՄԻՊ-ում կա ձեւավորված աշխատակազմի թիմ եւ աշխատելու ենք միասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ՄԻՊ աշխատակազմի հետ ծանոթանալուց հետո, լրագրողների հետ զրույցում նշել է նորընտիր օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ հավելելով, որ Օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել որեւէ քաղաքական գործոնով:

Հարցին, թե ե՞րբ է այցելելու իրավապաշտպանների կողմից քաղբանտարկյալներ հայտարարված անձանց, Թաթոյանը պատասխանել է, որ սա իր առաջին աշխատանքային օրն է, դեռ չի կարող ոչինչ ասել: «Ինձ ժամանակ է պետք, նոր եմ, առաջին օրն է, բարձրանամ, տեսնեմ ինչ է կատարվում: Ձեզանից խնդրում եմ որոշակի ժամանակ գործերին ծանոթանալու եւ հասկանալու համար»,-ասել է նա:

Նրա խոսքով, այն խնդիրները, որ դրված են եւ այն բարձր վստահությունը, որ կա ԱԺ պատգամավորների կողմից, երաշխիք են միասին բոլոր խնդիրները պատվով կատարելու համար:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ՄԻ նորընտիր պաշտպան Արման Թաթոյանին ՄԻՊ աշխատակազմին են ներկայացրել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: