Այսօր՝ փետրվարի 24-ին, օրվա երկրորդ կեսին կստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագիրը: Այս մասին, այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Մինչդեռ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հստակ չի նշել այդ մասին. «Անկեղծ ասած հստակ օրը, ժամը հայտնի չէ, ինձ հետ կոնկրետ նման պայմանավորվածություն դեռ չի եղել: Ժամի եւ օրվա հետ կապված ինձ հետ պայմանավորվածություն չկա»,-ասել է նա:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Արմեն Ռուստամյանին տեղեկացրած լինեն, իսկ իրեն ոչ, նա արձագանքել է. «Հնարավոր է մեկս մյուսից մեկ ժամ շուտ կամ ուշ իմանա, դրա մեջ ի՞նչ կա»:

Նշենք, որ փետրվարի 18-ին արդեն հայտնի էին դարձել դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:

Ռուստամյանի խոսքով, ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը կոչվելու է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր»: