Խորհրդարանը Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») տեղը չէ, բայց քանի որ չկա կայացած քաղաքական ու իրավական դաշտ, նա այսօր հայտնվել է խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Կներեք, որ միտքս արտահայտելու համար օգտագործեմ անսովոր բառեր: Մհեր Սեդրակյանը էս երկրում ապրած, վաստակ ունեցող, հարգանք ունեցող մարդ է, միշտ հարգել է ավագներին, ընդառաջել երիտասարդներին եւ ինքն էլ հարգանքի արժանի է: Իրենց լեզվով ասած, ճշտով ապրած մարդ է եւ նրան մոտենալ ու այլ ձեւ խոսել, որը վիրավորական է թվում իրեն, անպատասխան չի կարող մնալ»,-ասաց նա:

NEWS.am-ի հարցին` ի՞նչ է նշանակում «ճշտով ապրած մարդ», ԲՀԿ-ական պատգամավորը փորձեց հիմնավորել. «Ես այսպես եմ հասկանում` իր տե՞ղն է արդյոք խորհրդարանը, թե ոչ: Խորհրդարանը իր տեղը չէ իհարկե, հասկանում եք: Բայց մեր չկայացած քաղաքական դաշտում նման միջադեպերը մասսայական են եւ այնտեղ մեղք չունի Մհեր Սեդրակյանը: Աննորմալ է, որ Մհեր Սեդրակյանը խորհրդարանում է: Քանի որ երկրում չկա կայացած քաղաքական ու դատաիրավական համակարգ, ես Մհերի նման տղերքին կտեսնեի որեւէ խորհրդում: Նրան կտեսնեի, այսպես ասած, «Совет сторейшин»-ում: Այդպիսի հասկացություն կա մուսուլմանների մոտ: Ես կցանկանայի իրան տեսնել այդ «սավետի» դերում, որտեղ մինչ դատաիրավական համակարգի կայանալը նրանք որոշում կայացնեին ու միայն նրանք կարող էին դեմ կանգնել բաշիբոզուկներին, որ վխտում են ու արտոնյալ վիճակում են: Ես իրան էդ դերը կտայի»,-ասաց նա:

Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է: Այս առթիվ փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա եւ ստորագրահավաք էին կազմակերպել, որին միացել էին նաեւ պատգամավորներ: Լրագրողները պատրաստվում են դիմել նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով:  Այս առնչությամբ հայտարարություն են տարածել լրագրողական կազմակերպությունները կոչ անելով ՀՀԿ-ին հորդորել Մհեր Սեդրակյանին վայր դնել մանդատը: