2016-2017 սակագնային տարում Հայաստանի ԱԷԿ-ը վերազինման համար լրացուցիչ 1 մլրդ 537 մլն դրամ կծախսի։ Այս մասին համապատասխան որոշում ընդունվել է փետրվարի 24-ին Հայաստանի ՀԾԿՀ նիստում։ Ինչպես լրագրողներին ասել է հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, այդ գումարն անհրաժեշտ է ներգրավել վարկերի միջոցով, քանի որ գործող ռեսուրսները, այդ թվում Ռուսաստանի տրամադրած վարկն ու դրամաշնորհը, ինչպես նաեւ ԱԷՄԳ տեխնիկական օգնությունը այդ նպատակին չեն համապատասխանում։
Ռուսաստանից ստացված ֆինանսավորումն (270 մլն դոլար վարկ եւ 30 մլն դոլար դրամաշնորհ) ուղղված է Հայաստանի ԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգմանը, իսկ ԱԷՄԳ-ի տեխնիկական աջակցությունը ՝ մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ թափոնների անվտանգությանը։ Իսկ նշված նախահաշիվը, որը կազմում է 1.5 մլրդ դրամ, անմիջականորեն ուղղված է ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նպատակներին։ «Ստիպված ենք նոր ֆինանսական աղբյուրներ փնտրել, սակայն ՀԾԿՀ-ն մոտեցում է ցուցաբերել հօգուտ սակագնի եւ այդ ծախսերը համարում է ոչ թե շահագործման, այլ ներդրումային։ Իսկ դա նշանակում է, որ դրանց ներառումը սակագնում կարելի կլինի բաժանել մի քանի տարվա վրա։ Այդ դեպքում դրա վրա նկատելի ազդեցություն չի առաջանում» ,-ասել է Գալստյանը։
Նշված 1 մլրդ 537 մլն դրամը մասնավորապես ուղղվելու է ռեակտորի արտադրամասի սարքավորումների արդիականացմանը՝ I-ին կոնտուրի սարքավորումներ, նիկելային միջադիրների փոխում, գրաֆիտե միջադիրներով տուրբինային արտադրամասի մաշված սարքավորումների փոխարինում, ինչպես նաեւ սեյսմիկ անվտանգության նոր միջոցներ։





























