Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հնազանդեցնելու եւ նրա վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ պատժելու համար են նրան կալանավորել: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Արման Դանիելյանը:
«Վարդգես Գասպարին մարտի 1-ի գործերով եւս դատապարտված է եղել, այն ժամանակ էլ էին ակնհայտ շինծու գործով դատապարտել եւ չեմ կարծում, որ նրան կալանավորելով կկարողանան նրան հնազանդեցնել: Երբ ոստիկանությունն ակնհայտ բռնություն է գործադրում քաղաքացիների նկատմամաբ, նրանց ոչ ոք չի պատժում, բայց երբ ոստիկանությունը սադրում է ինչ-որ քաշքշուկ եւ քաղաքացիները ոստիկանին հանկարծ մի քիչ բռթում են, նրանց դատապարտում են»,-ասաց նա:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նշեց, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ որպես խափանման միջոցը ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին եւ որեւէ փաստ չկա, որ Գասպարին խախտել է այն եւ նրան կալանավորել են:
«Դատարանն առավելագույնը նրա նկատմամբ կարող էր վարչական տուգանք սահմանել, հիմա առանց մարդու նրա նկատմամաբ խափանման միջոց են կիրառել: Տվյալ դեպքում մենք ունենք ակնհայտ անհիմն որոշում, չպատճառաբանված: Վարդգես Գասպարիին կալանավորելը նաեւ քաղաքական բնույթ ունի, մարդուն ակնհայտորեն պատժում են իր դիրքորոշման եւ կարծիքի համար»,-ասաց նա:
Նշենք, որ փետրվարի 19-ին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին:
Հիշեցնենք, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Քաղաքացիական ակտիվիստը կտրականապես հրաժարվում է ներկայանալ դատարան, եւ դատավորը նրան կալանավորելու որոշում է կայացրել օրենքի խախտմամբ, առանց նրա ներկայության։





























