Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայում մեծ ձեռքբերումներ կունենա։ Այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նման համզոմունք է հայտնել բրիտանացի միջպլատֆորմային արվեստագետ Սայմոն Ուիլքինսոնը:
46-ամյա Ուիլքինսոնը, որը Բրիտանական ֆիլմերի փառատոնին ներկայացել է իր «Խորանարդ» ֆիլմով, զարմացած է հայ երիտասարդների՝ թվային տեխնոլոգիաների իմացությամբ։
«Առաջին անգամ եմ Հայաստանում, եւ առաջին բանը, որ ինձ զարմացրեց «Թումո» կենտրոնի առկայությունն էր։ Այստեղ բարձր մակարդակով անվճար կրթություն են տալիս։ Ինձ հետ աշխատում են 15-ից 16 տարեկան երիտասարդներ, որոնց հմտությունները տեղեկատվական տեխնոլոգիաներից ինձ պարզապես ապշեցրել են։ Ես չէի սպասում, որ այստեղ նման բան կտեսնեի։ Արդեն տեսնում եմ, թե Հայաստանն ապագայում ուր կհասնի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սայմոն Ուիլքինսոնը։
Սայմոնը Երեւան ժամանելուց առաջ, իր խոսքով, քիչ բան է իմացել Հայաստանի մասին, իսկ Բրիտանական ֆիլմերի փառատոնին մասնակցելու հրավերը ստանալուց հետո սկսել է ծանոթանալ մեր պատմության որոշ դրվագների։
«Այն քաղաքում, որտեղ ապրում եմ, կան մի քանի հայեր, բայց նրանք ինձ շատ բան չէին պատմել։ Այստեղ գալուց առաջ սկսեցի ավելի շատ կարդալ Ցեղասպանության, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչը շատ հետաքրքիր էր։ Հայաստանը մի վայր է, որտեղ արժի լինել, ուսումնասիրել դրա պատմությունը, եւ կրկին ու կրկին այցելել»,-նշեց արվեստագետը։
Անդրադառնալով իր «Խորանարդ» ֆիլմին՝ Ուիլքինսոնը նշեց, որ այն քննարկում–ֆիլմ է, որի միջոցով հանդիսատեսն ընկալում է, թե ինչ ծայրահեղությամբ է հասարակությունը վերլուծում ինֆորմացիան։
Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում վիրտուալ, եւ միեւնույն ժամանակ իրականության տիրույթում, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել պատմության ամենատարօրինակ զանգվածային անհետացումներից մեկը՝ անհետացածների թողած 8 նամակ ապացույցի հիման վրա։
«Կարծում եմ, որ 21-րդ դարը հագեցած է տեխնոլոգիաներով, որոնք անդադար մեծ ինֆորմացիա են հաղորդում, եւ մենք պետք է հասկանանք, թե այդ նամակները ինչպես, ինչու եւ ում կողմից են մեզ հասնում»,-ասաց Ուիլքինսոնը։
Նշենք, որ Սայմոն Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն եւ առցանց ու կատարողական արտահայտչամիջոցներ՝ հաճախ այս բոլորի միախառնում։





























