Mars, Snickers, Milky Way շոկոլադները եւ Celebrations կոնֆետները Հայաստան են ներմուծվում Ռուսաստանի Դաշնությունից եւ քանի որ Ռուսաստանը չկա ԵՄ այն երկրների շարքում, որտեղից Mars կոնցեռնը հետ է կանչում իր արտադրանքը՝ վտանգ չկա, որ Հայաստանում պլաստիկի կտորներով Mars շոկոլադե սալիկներ կան: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
«Քանի որ ԵՏՄ երկրներ այդ արտադրանքը չի մտել, իսկ մեզ մոտ շոկոլադի այդ տեսակները Ռուսաստանի Դաշնությունից են ներմուծվում, վտանգավոր բան չկա: Ուղղակի ներմուծման ժամանակ մերոնք սահմանի վրա փաստաթղթերը նայելիս զգոն պետք է լինեն, բայց ամեն դեպքում Հայաստան այդ նշված երկրներից չի գալիս այդ արտադրանքը»,-ասաց նա:
Նշենք, որ «Ռոսպոտրեբնադզորը» եւս հայտնել է, որ պլաստիկի կտորներով Mars շոկոլադե սալիկները ԵՏՄ շուկաներ չեն մատակարարվել:
Նշենք, որ ամերիկյան Mars կոնցեռնը 55 երկրներից հետ է կանչում իր արտադրանքն այն բանից հետո, երբ ընկերության շոկոլադներում պլաստիկե կտորներ են հայտնաբերել:
Ավելի վաղ հաղորդվել էր Գերմանիայից Mars, Snickers, Milky Way շոկոլադների եւ Celebrations կոնֆետների հետ կանչելու մասին: Այնուհետեւ լուրեր հայտնվեցին ԵՄ մի շարք երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից արտադրանքի հետ կանչելու մասին:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ շոկոլադներն արտադրվել են տարեսկզբին, Նիդեռլանդներում: Պարենամթերքի որակի վերահսկողության հոլանդական տեսչության տվյալներով, հետ կանչվող ապրանքների տեսականու մեջ է մտնում նաեւ Mini Mix-ը:




























