Ով էլ լինի Հայաստանի նախագահը, լավ կլինի, որ ամեն տարի ուղերձով դիմի հանրությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Դա շատ լավ ձեւ է, հանրությունը կհասկանա, թե ինչ է սպասվում: Այդ ուղերձում պետք է լինի իրավիճակի գնահատականը, առաջիկա անելիքները, մարտահրավերները եւ այն, թե ինչ է պատրաստվում անել պետությունը ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Դա պետք է լինի ամեն տարի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, Մարգարյանն ընդգծել է. «Լավ էր, որ այդ ելույթը եղավ եւ եթե դա շարունակվի ամեն տարի, ավելի խորը ավելի առարկայական, ես դա միայն կողջունեմ: Իսկ եթե սա մեկանգամյա ելույթ կամ ուղերձ էր, ապա ես չգիտեմ՝ դա ինչի համար էր»:

Դիտարկմանը, որ այդ ելույթներում ընդգրկված դրույթները կյանքի չեն կոչվում, ԲՀԿ խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Դա ուրիշ խոսակցության նյութ է: Ես ուղղակի հուսով եմ, որ պետության առաջին դեմքն ամեն տարի լուրջ ուղերձով հանդես կգա ժողովրդի առջեւ: Որովհետեւ ցանկացած բարդ իրավիճակներում, իսկ մենք այդպիսիք շատ ենք տեսել նախկինում, մենք չենք լսում առաջին դեմքերի ելույթները, գնահատականները»: