Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում նույնասեռականների հետ շատ վատ են վարվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։
«ՔԿՀ-ներում նույնասեռականների հետ վարվում են այնպես, կարծես իրենք պետք է լինեն մաքրողները, հավաքողները։ Նրանց հետ չեն օգտվում նույն սպասքից, նույն ճաշարանից։ Բայց այդ մարդկանց էլ է ծնող բերել, դաստիարակել, այդ մարդիկ էլ պիտի վերադառնան իրենց ծնողներին»,- ասաց Սերգեյ Գաբրիելյանը։
Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանում կարծրատիպեր կան, որոնցից ազատվելը դժվար է, մարդիկ փողոցում իրար ձեռք բռնած քայլող տղաներին ավելի վատ են վերաբերվում, քան աղջկա հասցեին վատ արտահայտություններ անող տղաներին։
«Մենք փորձում ենք նայել զուտ անկողնային կյանք, միանգամից մտնում ենք իրենց անկողնային կյանքի մեջ, բայց սեռականությունը իրականում անկողնային կյանք չի։ Նույն կերպ նորմալ ենք նայում, որ երբ աղջիկը փողոցում քայլում է, ինչ-որ տղա նրա հետեւից զզվելի արտահայտություններ է անում, բայց նորմալ չենք վերաբերվում, երբ երկու տղա իրար ձեռք բռնած քայլում են ու ոչ մեկի չեն խանգարում»,- ասաց Մամիկոն Հովսեփյանը։
Դրան հակառակ, նրա խոսքով, Հայաստանում տղաներն իրար գրկած են քայլում. «Տուրիստները երբ տեսնում են իրար գրկած քայլող տղաների, ասւոմ են՝ գեյի կյանքը ինչ լավ է ձեր մոտ»։




























