Հայաստանի նախագահական նստավայր են ժամանել Դաշնակցության ներկայացուցիչները, որտեղ պետք է ստորագրվի ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության հուշագիրը: Հուշագիրը ստորագրելու են Սերժ Սարգսյանն ու Աղվան Վարդանյանը:

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նախագահի նստավայր են ժամանել Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Աղվան Վարդանյանը։ Բաղրամյան 26–ում է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ փետրվարի 18-ին արդեն հայտնի էին դարձել դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը: