Սիրիայում ընտրությունները պետք է անցկացնել սիրիական կառավարության եւ ընդդիմության պայմանավորվածությունների հիման վրա: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ապրիլի  13-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Դամասկոսի հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:   

«Իրոք սիրիական մայրաքաղաքում հայտարարվել է ապրիլի 13-ին ՍԱՀ-ի Ազգային ժողովի ընտրություններ անցկացնելու մասին, - ասել է դիվանագետը: Այդ կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը լիարժեքորեն հավատարիմ է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի բովանդակության եւ փուլերի մասին պայմանավորվածություններին, որոնք համապատասխանում են Սիրիային աջակցության միջազային խմբի որոշումներին եւ ՄԱԿ ԱԽ-ի թիվ   2254 որոշմանը»:

«Դա նշանակում է, որ մենք կշարունակենք ջանքեր գործադրել Ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրիական լիաֆորմատ եւ ներառական բանակցությունների հնարավորինս արագ կազմակերպման ուղղությամբ, որի նպատակը կլինի ՍԱՀ-ի կառավարության  եւ ընդդիմության կողմից համատեղ կառավարող կառույցի ստեղծումը նոր սահմանադրության հետագա մշակմամբ, որի հիման վրա կանցկացվեն համընդհանուր ընտրություններ», - պարզաբանել է Զախարովան:

Նրա խոսքով, Ռուսաստանի այդ սկզբունքային մոտեցումը  «անփոփոխ է մնում»:

«Միաժամանակ մենք իրավունք ունենք ՍԱՄԽ-ի մեր գործընկերներից ջանքեր ակնկալել`  ՍԱՀ-ի կառավարության հետ բանակցություններին սիրիական ընդդիմության պատվիրակության իրոք ներկայացուցչական բնույթն ապահովելու ուղղությամբ: Մենք մեր հերթին ջանասիրաբար կպնդենք դա», - ընդգծել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: