2015թ. հունվարի 15-ին Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը վերլուծաբան, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել, քանի որ ոստիկանները ենթադրել են՝ վերջինը կարող է փակել ՀՀ դատախազության շենքի մուտքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ Վարչական դատարանում ասաց ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի։
«Ոստիկանության համար ակնհայտ է եղել՝ ինչ է անելու Կիվիրյանը, նրանց գործողությունները եղել են նախականխող եւ կանխարգելիչ։ Եթե նույնիսկ անշարժ էլ կանգներ դատախազության մայթին, կարող էր հետեւանքներ առաջացնել, փակել շենքի մուտքը»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը։
Ի պատասխան Սոնա Մելիքյանի այս համոզմանը՝ Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ ինքը միայնակ չէր կարող որեւէ կերպ փակել շենքի մուտքը, կամ խոչընդոտել քաղաքացիների անցուդարձը, եւ նման նպատակ բնավ էլ չի ունեցել, պարզապես իրացրել է բողոքի ակցիա անցկացնելու իր իրավունքը։
«Նույնիսկ Տորք Անգեղը չէր կարող միայնակ փակել մայթը, ինչպե՞ս ստացվեց, որ ես կարող էի փակել։ Քաղաքացիների համար միակ խոչընդոտը այդ պահին ոստիկանական շղթան էր, իսկ ես շենքից 5-10 մետր հեռավարության վրա եմ եղել»,-ասաց Կիվիրյանը, ինչին ի պատասխան՝ Մելիքյանը նշեց. «Ձեզ մի թերագնահատեք, պարոն Կիվիրյան, դուք միայնակ էլ ամեն ինչի ընդունակ եք, իսկ ոստիկանությունը դա իմանալով՝ նախականխել է Ձեր արարքը»։
Դատավորի այն հարցին, թե ինչպես ոստիկանությունը կապացուցի, որ Կիվիրյանին օրինական պահանջ է ներկայացվել, Սոնա Մելիքյանը նշեց, որ երբ ակտիվիստները ՌԴ դեսպանատնից երթով շարժվել են դեպի ՀՀ Գլխավոր դատախազության շենք, Արգիշտի Կիվիրյանը շեղվել է երթի մասնակիցներից, իսկ դատախազության մայթից մյուս մայթն անցնելու մասին ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել։
«Հրել է, բղավել, արա-ով խոսել, մինչդեռ ոստիկանները նրան ընդամենը օրինական պահանջ են ներկայացրել անցնել մյուս մայթ եւ միանալ բողոքի ակցիայի մասնակիցներին»,-ասաց նա։
Ոստիկանության ներկայացուցիչը, սակայն մի փոքր հակասեց ինքն իրեն՝ ասելով, թե Կիվիրյանը ՌԴ դեսպանատան առջեւ էլ է ապօրինություններ թույլ տվել, սակայն ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորել։ Իսկ դատախազության շենքի մոտ բերման ենթարկելիս հաշվի են առնվել Կիվիրյանի վարքագիծը ՌԴ դեսպանատան առջեւ թույլ եւ դատախազության մուտքը փակելու հավանականությունը։
«Ինձ ուրախացնում է, որ ոստիկանության ներկայացուցիչն է խոստովանում, որ իրենք հայեցողությամբ են որոշում, երբ բերման ենթարկել անձին, ոչ թե որ անձը ինչ-որ զանցանք է կատարել։ Նույն կերպ էլ սպանությունների դեպքում է վարվում»,-ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ կներկայացնի տեսանյութ, որտեղ երեւում է, որ Կիվիրյանը ոստիկանության օրինական պահանջին չի ենթարկվել։
Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց հակընդդեմ հայց՝ հիմնավորելով, որ ոստիկանությունն է ոչ իրավաչափ գործել իր պաշտպանյալի նկատմամբ, եւ խախտել է վերջինի բողոքի ակցիա անցկացնելու մասին սահմանադրությամբ սահմանված իրավունքը։
Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 14-ին, կողմերը լրացուցիչ ապացույցներ կներկայացնեն։
Նշենք, որ 2015թ.հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ դատելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի էր անցկացվում։ ՌԴ դեսպանատնից ակտիվիստները երթով շարժվել էին դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ որոշել էին միանալ Գյումրիում ժամը 17:00-ին սկսվող բողոքի ակցիայի մասնակիցներին եւ դատախազության շենքի մոտ հնչեցնել նույն կոչերը, ինչ որ կհնչեն Գյումրիում:
Արգիշտի Կիվիրյանը ձերբակալվել էր ոստիկանության օրինական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ։ Ոստիկանությունը պահանջում է, որպեսզի նա ենթարկվի վարչական պատասխանատվության։





























