Հայաստանին աշխատավայրում տեղի ունեցած դժբախտ պատահարների դեմ օրենսդրություն է անհրաժեշտ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը:

Ըստ նրա, նման օրինագիծ քննարկվել է 2-3 տարի առաջ, բայց հավանության չի արժանացել: Օրինագծում ըստ աշխատանքի տեսակի ռիսկերի գործակիցների սանդղակ էր առաջարկվում: Դրանք պետք է սահմանեին ապահովագրական վճարների չափը:

«Նախագիծը մշակել էր Կենտրոնական բանկը, եւ մենք այն քննարկել էինք գործատուների հետ: Ցավոք, այստեղ մեր հայացքներն այնքան էլ չեն համընկնում: Գործատուի համար այդ խնդիրն առաջին հերթին ֆինանսական է: Իսկ մեզ համար, բնականաբար, կարեւոր են աշխատողի պաշտպանությունն ու շահերը: Եվ գործատուի համար դժվար էր համաձայնել վնասվածք ստացած աշխատանքին մինչեւ կյանքի վերջ նպաստ վճարել»,- պարզաբանեց Խառատյանը:

Իսկ եթե պետությունն այդպիսի ապահովագրությունը պարտադիր դարձնի, ձեռնարկությունները հավուր պատշաճի աշխատանքային միջավայր ստեղծելու համար ծախսեր կատարելու խթան կունենան, որպեսզի ոչ միայն աշխատողներին պաշտպանեն վնասվածքներ ստանալուց, այլեւ իրենց՝ վճարումներ կատարելուց:

«Եթե այժմ, Աստված մի արասցե, որեւէ նման բան տեղի ունենա, աշխատանքային պայմանագրերի մեծ մասում փոխհատուցում չի նախատեսվում: Եվ շատ դեպքերում ընկերությունը հարցը լուծում է յուրովի: Իսկ մենք ուզում ենք, որպեսզի աշխատողը պաշտպանված լինի՝ անկախ այն հանգամանքից, որ իր գործատուն բարեխիղճ է, թե՝ ոչ»,- ընդգծեց Խառատյանը: