Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ժամեր առաջ նրա հետ վիճաբանելու ու նրան հարվածելու համար կուրսանտ Կարեն Բաղրամյանի դեմ հարուցված քրեական գործով նույնպես Հայկազ Բարսեղյանի հայրը դատարանում հանդես կգա որպես տուժողի իրավահաջորդ: Այսօր՝ փետրվարի 24-ին, գործով դատական նիստին նման որոշում կայացրեց Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:
Նշենք, որ մինչեւ այս տուժող կողմ գործում ներգրավված չէր:
Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանը դատարանում հայտարարեց, որ ինքը համաձայն չէ մեղադրանքի այն մասի հետ, ըստ որի ծեծկռտուք է եղել Հայկազ Բարսեղյանի ու Կարեն Բաղրամյանի միջեւ ու դրա ընթացքում նա հարվածներ է հասցրել Հայկազ Բարսեղյանին:
«Իրականությանը չի համապատասխանում, որ Կարենը բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին: Մարդիկ տեսել են, վկայություն են տվել, որ այդպես չի եղել, միայն մի հարված է եղել»,- ասաց Արկադի Բարսեղյանը:
Դատական նիստը հետաձգվեց, դատարանը ժամանակ տվեց տուժող կողմին՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը հաջորդ նիստին կքննարկի նաեւ գործն արագացված կարգով անցկացնելու վերաբերյալ՝ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը:
Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 07:40-ի սահմանում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ՝ 2015թ.հունվարի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ. Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























