2016-ի օգոստոսից էլեկտրականության սակագնի վրա ճնշումը մասնակիորեն կնվազի: Այդ մասին փետրվարի 24-ին լրագրողներին հայտնել է հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ Շիրազ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ 2015-ի օգոստոսի 1-ին հաստատված սակագներում ներառված է էլեկտրաէներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների դեբիտորական պարտքերի մի մասը (22,4 մլրդ դրամ), որոնք «Հայաստանի Էլցանցերի» նախկին սեփականատերը («Ինտեր ՌԱՕ» խումբը, խմբ.) կուտակել էր 2013-15 թթ-ին էներգիայի մատակարարման ընթացքում: Գումարն ամբողջությամբ կվճարվի մինչեւ 2016-ի հուլիսի 31-ը: «Էլցանցերի» նոր սեփականատերը («Տաշիր» խումբը, խմբ.) այդ հարցերի հետ կապված չէ, ասված է Էներգետիկայի նախարարության այսօրվա հայտարարության մեջ:
Նշենք, որ սակագնից այդ պարտքի դուրս բերումը պետք է այլ հավասար պայմանների դեպքում սակագինը նվազեցնի կՎտժ-ի համար 5 դրամով (տնային տնտեսությունների համար ներկայիս սակագնի 10-12 տոկոսը):
«Այո, պարզ հաշվարկների օգնությամբ հնարավոր է ստանալ նշված թիվը: Այնուամենայնիվ, շատ այլ գործոններ կան, որոնք կարող են ազդել սակագնի վրա: Այսինքն դա չի նշանակում, թե այն հենց այդքանով կնվազի: Երբ գա նոր սակագները վերանայելու ժամանակը (որոնք ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ին, խմբ), մենք եզրակացություն կանենք: Հուսանք, որ սակագինը չի բարձրանա», ասել է Կիրակոսյանը:





























