Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը հանգեցրած անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ մեղադրվող կուրսանտի  պաշտպանը պահանջում է կարճել գործի վարույթը:

Մարտկոցի հերթապահ կուրսանտ Թելման Մխիթարյանի պաշտպան Լիանա Գասպարյանն այսօր՝ փետրվարի 24-ին, նման միջնորդություն է ներկայացրել դատարանին:

«Իմ պաշտպանյալը զղջացել է, աջակցել է հանցագործության բացահայտմանը, ինքնակամ ներկայացել է, դրանք հիմք են հանդիսանում վարույթը կարճելու համար: Ինքը չի իմացել, թե ում են տեղափոխում, տեսել է՝ մեկին իջեցնում են, մտածել է՝ հարբած վիճակում գտնվող կուրսանտ է, եթե իմանար, որ նման բան է եղել, կամ լուրջ միջադեպ, կմիջամտեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը: 

Նշենք, որ հերթապահն ու օրապահը, ըստ մեղադրանքի, թերացել են իրենց պարտականություններում: Նրանք տեսել են, որ գիշերվա ժամին, երբ կուրսանտները պետք է քնած լինեին, մի քանի կուրսանտ ինչ-որ մեկին իրենց ասելով բուժկետ են տանում, չեն միջամտել կամ զեկուցել հրամանատարությանը:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: