Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը համաձայն չէ որդու հետ վիճաբանած կուրսանտ Կարեն Բաղրամյանին առաջադրված մեղադրանքի հետ, քանի որ կարծում է՝ դա առիթ է ստեղծում, որ սպանության համար մեղադրվողների պաշտպանները փորձեն մեղավորությունը բարդել նրա վրա:

«Ծեծ չի եղել, ինչպես մեղադրանքում է նշված, Կարեն Բաղրամյանը հարվածներ չի հասցրել Հայկազի մարմնի տարբեր մասերին: Միայն մեկ անգամ հարվածել են իրար, ինչը ասում են վկաները: Նման մեղադրանքը առիթ է տալիս մեղադրյալների պաշտպաններին մեղքը Կարեն Բաղրամյանի վրա գցելու համար: Ամեն ինչ տանում են դեպի նրան, որ Հայկազին այդքան մարմնական վնասվածքներ Կարենն է հասցրել»,- այսօր՝ փետրվարի 24-ին, Կարեն Բաղրամյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արկադի Բարսեղյանը:

Նշենք, որ Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 07:40-ի սահմանում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Բացի այդ՝ 2015թ.հունվարի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ. Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: