Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ սպանությունից ժամեր առաջ վիճաբանած կուրսանտ Կարեն Բաղրամյանի պաշտպանը սպանության մեջ մեղադրվողների պաշտպաններին կոչ է անում չշահարկել Կարենի անունն ու այն չկապել սպանության հետ:
«Փաստաբանները կարող են ամեն ինչ շահարկել, փորձ անել Կարենին մասնակից դարձնել սպանությանը, բայց ես ասում եմ՝ նման բան չկա ու չի կարող լինել: Դա իրենց պաշտպանության տակտիկան է, բայց թող իզուր չշահարկեն: Իմ պաշտպանյալը ոչ մի կապ չունի սպանության հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը:
Պաշտպանը նշեց, որ ինքը համաձայն չէ մեղադրյալների պաշտպանների միջնորդության հետ ու նպատակահարման չի գտնում Կարեն Բաղրամյանի գործը սպանության գործին միացնելը: Դա, նրա խոսքով, իզուր ձգձգելու է դատական պրոցեսը, այնինչ հակառակ դեպքում արագացված կարգով իրենք կարող են կարճ ժամանակում գործը հանգուցալուծել:
Նշենք, որ Կարեն Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ 24236 զորամասի 1-ին կուրսանտական գումարտակի 1 մակտկոցի կուրսանտ, կոչումով շարքային, 2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 07:40-ի սահմանում թիվ 408 ննջարանում այն մաքրելու հարցի շուրջ վիճաբանել է համածառայող Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Բացի այդ՝ 2015թ.հունվարի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմանում իր հանգիստը խանգարելու հարցի շուրջ, բռնության գործադրմամբ հարվածներ է հասցրել Հ. Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին:
Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:




























