Ոստիկանության կողմից հունվարի 20-ից որպես անհետ կորած որոնվող 40-ամյա Գարիկ Տերտերյանը հայտնվել, կրկին անհետացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արագածոտնի մարզի Աղձք գյուղի համայնքապետ Արսեն Ավդալյանը:
Համայնքապետի խոսքով` Գարիկ Տերտերյանը, որը անհետացման օրը կնոջ եւ 3-ամյա դստերը տարել է Աղձք գյուղում գտնվող աներոջ տուն, ամբողջ ընթացքում հիվանդանոցում է եղել:
«Հիվանդներից մեկն ա ասել` ռոզիսկի մեջ ես, եկել էր, աները ահագին ուրախացել էր, էն էլ էլի չկա: Ինքը շուտ-շուտ ա կորում, ոչինչ էլի կհայտնվի»,-ասաց Արսեն Ավդալյանը:
Նշենք, որ Տերտերյանը տաքսու վարորդ է: Նրա անհետացումից հետո ոստիկանները նրա մեքենան գտել էին Էրեբունիի գազալցակայաններից մեկում:
Համայնքապետը նաեւ հայտնել էր, որ տղամարդը վերջերս տարված է եղել խաղային ապարատներով եւ պարտքեր ուներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 40-ամյա Գարիկ Տերտերյանը հունվարի 20-ին, ժամը 23:00-ի սահմաններում իր Daewoo Nexia մակնիշի 23 SU 401 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի տներից մեկից եւ անհետ կորել:





























