«Երեւան Մոլի» դիմաց փետրվարի 22-ից գործադուլ անող անհատ տաքսու վարորդները կաթվածահար չեն անում երթեւեկությունը:
«ԳԱԻ-ն ասում է`երեք-չորս շարքով կանգնում ենք, խանգարում ենք երթեւկությանը, մենք հանդիպելու ենք պետի հետ, ապացուցելու, որ նման բան չկա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսու վարորդ Սերգեյ Ավագյանը` անդրադառնալով Ճանապարհային ոստիկանության կողմից նրանց ուղղված նկատողությանը:
Դժգոհող վարորդները, կարծես թե, հասել են իրենց ուզածին` կհանդիպեն նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վարորդները վերջինից ակնկալում են իրենց խնդրին լուծում տալ` կանգառը վերադարձնել նախկին տեղը, որպեսզի իրենք կարողանան անարգել կայանել «Երեւան Մոլի» հարակից տարածքում:
Անհատ տաքսու վարորդները նույնիսկ սպառնում էին փակել Արշակունյաց պողոտան, եթե հանդիպում չունենան Հենրիկ Նավասարդյանի հետ:
Նշենք, որ անհատ տաքսու վարորդները փետրվարի 22-ից բողոքի ակցիաներ են անցկացնում` հրաժարվելով հեռանալ «Երեւան Մոլի» տարածքից մինչեւ իրենց խնդիրը լուծում չստանա: Վարորդների խոսքով` կանգառի տեղափոխումից հետո 1 տարի շարունակել են նույն տարածքում կայանել, սակայն իրավիճակը փոխվել է տեսախցիկների տեղադրումից եւ ակտերի «տարափից» հետո: Վարարոդները նույնիսկ փակում են պետհամարանիշների թվերից մեկը, ինչից սակայն ակտերի չափն ավելանում է: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ վարորդների խնդիրը Երեւանի քաղաքապետարանի հետ է, իրենք իրենց պարտականություններն են կատարում:





























