Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանին սպանելու, նրա դիակը այրելու մեջ կասկածվող 47-ամյա Մայիս Խրշոյանը ոստիկանության նախկին աշխատակից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դիտակի գյուղապետ Սուրեն Սրապոնյանը, որի համագյուղացին է կասկածյալը:
Գյուղապետի խոսքով` 10 տարուց ավելի է` նա դուրս է եկել ոստիկանական համակարգից, հողագործությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում:
Նա 3 երեխաների հայր է:
Հիշեցնենք, որ Նորամարգ գյուղի ջրատարում փետրվարի 22-ին հայտնաբերել էին այրված դիակ: Պարզվել է, որ սպանված տղամարդը Ջրաշեն գյուղի բնակիչ Գարիկ Արզունյանն է: Նրան սպանել են, այրել եւ նետել ջրատարը:
Ըստ քննչական կոմիտեի` փետրվարի 11-ին տուժողը համագյուղացի երիտասարդի հետ այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։
Հանցագործություն կատարած անձը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ. Արզունյանի գլխին և սպանել նրան, որից հետո, ըստ նախնական տվյալների, դիակը փաթաթել գորգով, ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ եւ այրել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ 33-ամյա Գարիկ Արզունյանն տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Գարիկ Արզունյանն ամուսնալուծված էր, բնակվում էր ծնողների հետ, հիմնական աշխատանք չուներ: Ըստ հարազատների՝ փետրվարի 11-ին Արզունյանի հագին եղել է սև թեթև բաճկոն, սև տաբատ, կաթնագույն բլուզ, մոխրագույն սև և սպիտակ գծերով գլխարկ:




























