Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» եղբորորդու սպանության գործով 15 տարվա դատապարտման ազատազրկված Կամսար Հակոբյանը չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դաատապարտյալի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

«Դեռ ժամանակ ունենք, սակայն իմ պաշտպանյալը ցանկություն չի հայտնել` բողոքարկելու դատավճիռը»,- ասաց Գիվի Հովհաննիսյանը:

Այս գործով մյուս դատապարտյալ Անդրանիկ Երեմյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ հայտնեց, որ իրենք դեռեւս չեն որոշել` վերաքննիչ բողոք ներկայացնելու են, թե ոչ:

Նշենք, որ դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողներից երկուսը՝ Անդրանիկ Երեմյանը եւ Կամսար Հակոբյանը, հայտնաբերվել էին Ռուսաստանում եւ Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ. օգոստոսի 29-ին եւ 2015թ.  փետրվարի 22-ին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերի հատկանիշներով։

Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, կատարվում են համապատասխան օպերատիվ-որոնողական գործողություններ՝ նրան հայտնաբերելու համար։