Հայաստանի դատական համակարգը հակված է կոռուպցիայի ու տուժում է անկախության պակասից: Այս մասին ասվում է նոր զեկույցում, որը փետրվարի 25-ին տարածել է Եվրոպայի խորհրդի պետությունների խումբն ընդդեմ կոռուպցիայի (GRECO):
Զեկույցը շեշտում է,ո ր կոռուպցիան կարեւոր խնդիր է մնում հայկական հասարակության համար, չնայած դրա դեմ պայքարը երկար տարիներ առաջնային է եղել երկրի քաղաքական օրակարգում: Զեկույցի հեղինակներն հատուկ անդրադառնում են պատգամավորների, դատավորների ու դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը: Նրանք մտահոգություն են հայտնում՝ իշխանության հստակ տարանջատման, խորհրդարանի թուլության ու որոշումների կայացման գործընթացում անբավարար թափանցիկության կապակցությամբ: «Հայաստանում իշխանությունների ու հասարակական կառավարման ներկա վիճակին վերաբերող մտահոգությունները պետք է բարեփոխումների համընդգրկուն ու ներառական գործընթացի հանգեցնեն: Բարեփոխումները պետք է իրականացվեն վճռական ձեւով ու առանց ուշացումների: Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնային է: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին այդ գործընթացում ու մենք հավատում ենք, որ իշխանությունները հաշվի կառնեն մեր խորհուրդները»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը:
GRECO-ն հատուկ շեշտել է պատգամավորներին, դատավորներին ու դատախազներին նվերներ տալու գործընթացների նկատմամբ վերահսկողության առավել արդյունավետ կանոնների ներդրման անհրաժեշտությունը: Խորհրդարանական գործընթացների թափանցիկության հետագա բարձրացման նպատակով զեկույցը կոչ է արել ընդունել պատգամավորների վարքագծային կանոնների օրենսգիրք: «Դատավորների ու դատախազների՝ այդ թվում գլխավոր դատախազի ընտրության, առաջխաղացման ու աշխատանքից հեռացման գոյություն ունեցող ընթացակարգերը հետագա բարելավման կարիք ունեն: Դատավորների անձեռնմխելիությունը պետք է սահմանափակվի արդարադատության իրականացմանը վերաբերող գործունեությամբ»,- նշված է զեկույցում:
2017 թ. ապրիլի վերջին Հաայաստանի իշխանությունները պետք է հանդես գան պատասխան զեկույցով ու ներկայացնեն այս զեկույցում պարունակվող 18 ռեկոմենդացիաների իրականացման ուղղությամբ իրենց ձեռնարկած քայլերը: 2017 թ. երկրորդ կեսին GRECO -ն համապատասխան զեկույցով կգնահատի այդ քայլերի արդյունավետությունը:




























