Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող, Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի Նազանի Մալխասյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը:
«Դատաքննությունը սկսվել է, վկաների մի մասն արդեն հարցաքննվել է: Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ավելին նախաքննական նյութերում որեւէ ապացույց չկա, որ հիվանդի մահվան մեջ ինքն է մեղավոր կամ իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել»,- ասաց Իշխան Վանոյանը:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը շարունակում է աշխատել հիվանդանոցում:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:





























