Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատաոճն անընդունելի է: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ խորհրդակցության ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խոսելով վարչության աշխատանքի մասին՝ քաղաքապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել փաստաթղթաշրջանառության եւ քաղաքացիներին պատասխանելու հարցում վարչության բացթողումներին:
«Քաղաքապետարան ուղղված դիմում-գրությունների գրեթե 50 տոկոսը ուղիղ կապ ունի հենց ձեր վարչության հետ: Ուստի պարտավոր եք ժամանակին եւ հիմնավոր պատասխաններ տրամադրել բնակիչներին: Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ստիպված մեկ ամիս շարունակ սպասել է պատասխանի, այնինչ պարզվել է, որ խնդրին կարելի էր պատասխանել շատ ավելի սեղմ ժամկետում: Այս աշխատաոճն անընդունելի է: Անգամ եթե պատասխանը բացասական է կամ ձեր վարչության գործառույթի շրջանակում չէ, օպերատիվ արձագանքեք մեր համաքաղաքացիների դիմումներին: Քաղաքապետարանը պետք է թեթեւացնի մեր համաքաղաքացիների հոգսերը, ոչ թե բարդացնի դրանք թղթաբանության միջոցով»,-ասել է քաղաքապետը: Նա նաեւ պահանջել է պատասխանատու եւ հետեւողական լինել բնակիչների հետ աշխատանքում:
Քաղաքապետի կողմից առանձնակի կարեւորվել է բնակչության հետ հետեւողական ու մշտական աշխատանք տանելը հատկապես ոլորտի գործառույթներն ու անելիքները ներկայացնելիս:
«Այսօր, անշուշտ, ավելացել են մեր համաքաղաքացիների պահանջներն ու ակնկալիքները քաղաքային իշխանությունից, եւ մենք պարտավոր ենք մեր ամենօրյա աշխատանքով ապահովել այդ պահանջների կատարումը: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պետք է շեշտը դնել նաեւ ձեր գործառույթների ու պարտականությունների հիմնավոր ներկայացման վրա: Պետք է լինել համբերատար, ու եթե ձեզանից մեկը ցանկություն չունի իր պարտականությունները հավուր պատշաճի կատարել, թող այսօր եւեթ մտածի այլ աշխատանքի անցնելու մասին: Անշարժ գույքի վարչությունից 2016թ. ակնկալում եմ ավելի բծախնդիր եւ պատասխանատու աշխատանք»,- նկատել է քաղաքապետը եւ ընդգծել, որ նման գործելաոճ դրսեւորողները կենթարկվեն պատասխանատվության:
Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքներից՝ քաղաքապետն այնուամենայնիվ նկատել է, որ ձեռքբերումներով բավարարվել պետք չէ ու անհրաժեշտ է աշխատանքներ տանել ոլորտում նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:





























