Հայաստանում 2015թ. արձանագրվել է ինքնասպանության 195 դեպք, իսկ 857 քաղաքացի փորձել է ինքնասպան լինել: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով, քաղաքացիները ինքնասպանության են գնացել հիմնականում կախվելու միջոցով`133 դեպք եւ բարձրությունից նետվելու` 32 դեպք:

«Քաղաքացիները ինքնասպանությունները հիմնականում գործել են բնակարաններում ու առանձնատներում: Քաղաքացիների շատ քիչ տոկոսը ինքնասպանության է դիմել  ինքնահրկիզման, դեղորայքի չափաբաժնի խախտման, երակների կտրման միջոցով»,-ասաց նա:

Հայաստանում 2015թ. պաշտոնյայի խոսքով, ինքնասպանություն են գործել 40-ից բարձր տարիքային խմբերի քաղաքացիները, հիմնականում արական սեռի ներկայացուցիչները` 152 անձ (78 տոկոս), իսկ իգական սեռի 43 անձ (22 տոկոս): 18-ից փոքր տարիքային խմբերում եւս եղել են ինքասպանություններ`3 անձ:

«Ինքնասպանությունները հիմնականում կատարվում են Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում: Կան մարդիկ, որոնք ներանձնային խնդիրներին հանրության ուշադրությունը գրավելու համար զանգահարել եւ սպառնացել է, որ հիմա ինքնասպանություն կգործի, սակայն չի գնացել այդ քայլին»,-ասաց նա: