ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ «Քաղաքական համագործակցության համաձայնագրի» ստորագրումը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ երկու քաղաքական ուժերի համագործակցության շարունակությունն է։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ դա նոր իրողություն է մեր անկախ պատմության մեջ, քանի որ եթե նախկինում եղել են կոալիցիոն համաձայնագրեր, ապա հիմա «Քաղաքական համագործակցության համաձայնագիր» է ստորագրվել։ «Դա նշանակում է, որ երկու քաղաքական ուժերը միասին են քայլելու, սերտորեն համագործակցելու են, փորձելու են լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ ավելի արագ կապահովեն զարգացումը»,- ընդգծել է Սուքիաս Ավետիսյանը։

Պատասխանելով հարցին, թե դա ուղղված չէր արդյոք ՀՅԴ-ին որոշակի պորտֆելներ տրամադրելուն, պատգամավորն ասաց. «Չեմ  կարծում, որ հարցը միայն պորտֆելներն են։ Գործադիր իշխանության շրջանակներում համագործակցությունը ենթադրում է նաեւ պորտֆելների տրամադրում։ Սակայն այսօր ավելի ճիշտ կլիներ պատասխանատվությունը կիսել այլ քաղաքական ուժի հետ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի  միջեւ «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» էր ստորագրվել։