Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօրվանից սկսում է ստորագրահավաք` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու միջնորդություն ներկայացնելու նպատակով:
«Վերջին մի քանի օրերին Գասպարիի կալանավորումը հասարակության օրակարգի մի մասն է կազմում: Խոսքը մարդու մասին է, որն առողջական խնդիրներ ունի: Ես այսօրվանից սկսելու եմ ստորագրահավաք, որն ուղղելու եմ Վերաքննիչ դատարանին` Գասպարիի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելով»,- ԱԺ-ում ասաց Էլինար Վարդանյանը` հորդորելով պատգամավորներին միանալ իր նախաձեռնությանը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ արդարադատության նախարարն արդեն հայտնել է, որ Գասպարին առողջական խնդիրներ չունի:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ հայտնեց, որ նախօրեին Գասպարիի պաշտպաններն իրենց են դիմել երաշխավորագրի խնդրանքով: Պատգամավորի խոսքով` երաշխավորագիր են տվել Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:
Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին:




























