Հայկական վանակատի (օբսիդիան) պետական տուրքը` 10 մլն դրամից 100 հազար դրամ իջեցնելու մասին օրինագիծն այսօր` փետրվարի 25-ին, ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Օրինագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ 16, ձեռնպահ 14 պատգամավոր:
Մինչեւ քվեարկությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդգծեց, որ «բլեֆներ» են եւ ինքն այդպես էլ չիմացավ, թե ԵՏՄ պայմանագրի որ կետով է պետական տուրքն իջեցվում եւ լիցենցավորման մասին որոշում կայացվում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ հակադարձեց, թե նախօրեին երեւի թե համանուն ֆիլմն է դիտել ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ Կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով օբսիդիանի պետական տուրքն այսուհետ կազմելու է 100 հազար դրամ:




























