«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ փոփոխությունից անցել է 3-4 ամիս, սակայն արդեն կան դրական փոփոխություններ: Այս մասին այսօր` փետրվարի 25-ին, Ազգային ժողովում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե արդյոք ՀԷՑ-ում ունենալու ենք դրական արդյունք:
«Ընկերությունում կար վատ կառավարում, ինչի հետեւանքով նման վատ իրավիճակ էր ստեղծվել: Այս կարճ ժամանակահատվածում, երբ փոխվեց սեփականատերը, կառավարիչը, կորուստները նվազել են եւ հավասարվել այն մեծությանը, որը մենք նախատեսել էինք: Հիշեցնեմ, որ նախկինում երկու տոկոսով գերազանցում էին այդ կորուստները»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ընկերությունում նաեւ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, որոնց շնորհիվ էլ առաջիկայում լուրջ հաջողություններ կգրանցվեն:
Նշենք, որ Նազարյանը խորհրդարանում ներկայացնում է Հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագիրը:
Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերին ՀԷՑ-ը գնել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:




























