Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի մանդատը բաժին կհասնի «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից Կարեն Շախմուրադյանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Արծվիկ Մինասյանին կփոխարինի կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն»,- ասել է նա:
Նշենք, որ Կարեն Շախմուրադյանը ՀՅԴ համամասնական ցուցակում հաջորդն է՝ 10-րդը, որին հաջորդում է նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ՀՅԴ ղեկավարությունը ցանկանում է պատգամավոր դարձնել Ռուզան Առաքելյանին, սակայն Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնագրի շրջանակներում ՀՅԴ-ն 3 նախարարական պաշտոն է ստացել, այդ թվում Արծվիկ Մինասյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար:




























