ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի վերաբերյալ ՀԱԿ-ի արձագանքը հուզական է, փաստարկ չկա: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե հուշագիրը դատարկաբանություն է:
«Դա բնական արձագանք է այն ուժի կողմից, որը մեզ մշտապես դիտարկել է մրցակից ոչ միայն քաղաքական, այլեւ գաղափարական առումով: Երբեք էլ մենք հաշտ եւ համերաշխ չենք եղել քաղաքական դաշտում: Բնական է՝ մենք տարբեր պատկերացումներ ունենք երկիրը այս վիճակից դուրս բերելու հարցում»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը ՀԱԿ-ի եւ իրենց տարաձայնության մասին թարմ օրինակ հիշեց: «Նույն այդպիսի ձեւակերպումներ տվեցին, երբ որ քառյակում էինք մենք: Մեր մարտավարությունը մերժեցից, որդեգրեցին ՀԱԿ-ի մարտավարությունը, եւ քառյակը տրոհվեց: Թող խնդիրը փնտրեն իրենց մեջ»,-նշել է Ռուստամյանը:
Նա խորհուրդ տվեց ՀՅԴ-ին ընդդիմության կամ իշխանության պրիզմայով չնայել:
«Դաշնակցությունը իր բոլոր սկզբունքները պահել է եւ ընդդիմության եւ իշխանության մեջ լինելով»,-ասել է նա:
Նշենք, որ Հայաստանի նախագահական նստավայրում փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Արմեն Աշոտյանն ու Աղվան Վարդանյանը:
Փետրվարի 18-ին արդեն հայտնի էին դարձել դաշնակցական նախարարների եւ մարզպետների անունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը:




























