Կարծում եմ, որ Ռուսաստանը Հայաստանին ընդառաջ կգնա եւ գազի զեղչ կտրամադրի։ Այս մասին փետրվարի 25-ին Երեւանում լրագրողներին ասել է Ռուսաստանի էներգետիկ անվտանգության ազգային ֆոնդի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստան մատակարարվող գազն առանց այն էլ էժան է, սակայն այն բանից հետո, երբ Եվրոպայում գազի գինը սկսել է տատանվել  200 դոլարի սահմաններում, Հայաստանի համար գազաի գինը «այնքան էլ հարմարավետ չի նայվում»։

Հայաստանի էներգետկայի փոխնախարար Արեգ Գալստյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը շատ է հետաքրքրված գազի գների նվազման հարցում։ «Գազի գնի կապակցությամբ հոգեբանական պահ կա։ Բացի այդ, գազի գների նվազումը լրացուցիչ խթան կդառնա Հայաստանի տնտեսության համար»։

Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ խնդրելով նվազեցնել բնական գազի գինը արտադրողների համար եւ դրա հաշվարկն իրականացնել ազգային արժույթով եւ ոչ թե դոլարով։