Քննիչը փոխել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող, կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դեմ առաջադրված մեղադրանքի բովանդակությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Դարձել է լղոզված, անորոշ մեղադրանք: Այն ժամանակ ասում էին՝ ոստիկանի օրինական պահանջը է եղել: Տեսան՝ ոչ մի ձեւ չեն կարողանոմ հիմնավորել՝ ինչ պահանջ է եղել, ասում են՝ իբր ոստիկաններն իրենց պաշտոնական պարտականություններն են կատարել, Ազատության հրապարակում եղել է հանրահավաք, որի մասնակիցները սադրանք են կատարել, փորձել են վեճ հրահրել, դրա ընթացքում Գեւորգ Սաֆարյանը հարվածել է Գեղամ Խաչատրյանին, բռունցքով է հարվածել, հետո էլ՝ ոտքով հարվածել է նրա ոտքերին»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ այս դեպքում էլ հարց է առաջանում՝ ինչու Գեղամ Խաչատրյանը մինչեւ հիմա չի ասել, եթե ոտքով հարվածել են նրան:
Փաստաբանի խոսքով՝ այս մեղադրանքը չի համապատասխանում ՔՕ 316-րդ հոդվածի հատկանիշներին, ըստ որի բռնությունը գործադրվել է կապված իշխանության ներկայացուցչի՝ իր պարտականությունները կատարելու հետ:
Փաստաբանը նշեց, որ գործի նախաքննությունը կավարտվի մոտ մեկ շաբաթից:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:




























